Մենք հիմնականում աշխատում ենք Եվրոպական Հանձնաժողովի «Էրասմուս+», նախկին «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի շրջանակներում։ Մեր գործունեության հիմնական ոլորտը ոչ ֆորմալ կրթությունն է, որը մենք օգտագործում ենք որպես ֆորմալ կրթության բացերը լրացնելու միջոց։ Մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդ առաջնորդներին զարգացնելու իրենց անձնային և մասնագիտական կարողությունները՝ ուսումնասիրելով Եվրոպայի մշակութային բազմազանությունը և արժեհամակարգը, որը հանդես է գալիս՝ որպես Եվրոպական ինքնության հիմնաքար։

Մենք կազմակերպում ենք երիտասարդական փոխանակման ծրագրեր, սեմինարներ և դասընթացներ տարբեր թեմաներով՝ սկսած կամավորությունից մինչը մարդու իրավունքներ և հակամարտությունների կարգավորում։ Թեմաների բազմազանությունը հնարավորություն է տալիս բոլոր հետաքրքրված երիտասարդներին ներգրավվելու՝ ըստ իրենց հետաքրքրությունների շրջանակի։

Ծրագրերը հնարավորություն են երիտասարդների համար կիսելու իրենց փորձառությունը և սովորելու տարբեր եվրոպական երկրներից եկող իրենց տարեկիցներից։ Մենք ոչ միայն կազմակերպում ենք ծրագրեր տեղում, այլև մասնակիցներ ենք ուղարկում այլ եվրոպական երկրներում իրականացվող ծրագրերին մասնակցելու։

Ի թիվս այլ ծրագրերի՝ մեր անդամներն ու կամավորները մասնակցում են Բուդապեշտում և Ստրասբուրգում տեղակայված երիտասարդական կենտրոններում կազմակերպվող ուսումնական ծրագրերին։ Մենք նաև աջակցում ենք «Ոչ ատելության խոսքին» արշավի իրականացմանը Հայաստանում, որն իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից։ Բացի այդ «Քաղաքացիական Ֆորումի» նախագահը ներկայացնում է Հայաստանը Եվրոպայի խորհրդի Երիտասարդության հարցերով խորհրդատվական խմբում։

Հանդես գալով որպես Եվրոպայի երիտասարդ ֆեդերալիստներ (JEF Europe) միջագային երիտասարդական ցանցի հայաստանյան ներկայացուցչություն՝ մենք աջակցում ենք Հայաստանի եվրոպական ինտեգրմանը։ Այս կառույցի շրջանակներում մենք նաև իրականացնում ենք «Առանց վիզաների Եվրոպա» արշավը՝ խթանելով վիզաների ռեժիմի ազատականացմանը։ Մենք նաև մասնակցում ենք «Արևելյան Եվրոպայի դասընթացների օրեր» ծրագրին, որը վերաբերում է Արևելյան գործընկերության երկրներում առկա խնդիրների վերհանմանը։

Որպես Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանցի (HREYN) անդամ՝ «Քաղաքացիական ֆորումն» ակտիվ ներգրավված է քաղաքացիական ակցիաներում և ընդհանուր առմամբ քաղաքացիական կրթության բնագավառում։

Մենք նաև ԹԴՄ2000 (TDM 2000 Association) ցանցի Հայաստանյան ներկայացուցչությունն ենք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը հիմնականում բնակեցված է քրիստոնյա հայերով՝ մենք այս ցանցի միջոցով աշխատում ենք խթանել մշակութային բազմազանությունը և հանդուրժողոկանությունը Հայաստանում։

Ի հավելումն վերը նշվածի «Քաղաքացիական Ֆորումը» նաև կազմակերպում է տեղեկատվական սեմինարներ՝ իրազեկելու հայ երիտասարդներին Եվրոպայում առկա ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորությունների մասին։ Մենք տրամադրում ենք ինստիտուցիոնալ աջակցություն բոլոր հետաքրքրված երիտասարդներին՝ այդ հնարավորություններից օգտվելու համար։